15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

6 ֆիլմ, որ պետք է դիտի
ցանկացած մարքեթոլոգ

6 ֆիլմ, որ պետք է դիտի
ցանկացած մարքեթոլոգ

Մարքեթոլոգների համար շատ կարևոր է միշտ լինել up-to-date, տեղյակ լինել թրենդներից, տարբեր դիջիթլ հարթակների ալգորիթմներից ու դրանց փոփոխություններից: Շատերը կարծում են, որ մարքեթինգը միապաղաղ վերլուծությունները, թվերն ու տեղեկատվություններն են: Այնինչ մարքեթինգն ունի նաև իր շատ կրեատիվ ու բավականին հետաքրքիր կողմերը, ինչի մասին էլ խոսելու ենք այսօր: Սակայն խոսելու ենք ոչ թե գրքերի կամ մասնագիտական քննարկման շրջանակում, այլ՝ ֆիլմերի: Շատերը ֆիլմ դիտում են իրականությունից կտրվելու, հոգնածությունն անցկացնելու կամ պարզապես հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար: Բայց համաձայնեք, որ ֆիլմերը միայն ժամանցի համար չեն: Դրանց շնորհիվ կարելի է ավելի լավ ճանաչել սեփական եսը, սովորել ու ստացածը պրակտիկ օգտագործել աշխատանքում: Կան նաև ֆիլմեր, որոնք մեզ ոգեշնչում են դառնալ ավելի լավը՝ թե որպես մարդ, թե որպես մասնագետ: Ահա այդպիսի 6 ֆիլմ, որ պետք է նայի ցանկացած մարքեթոլոգ:

The Joneses (2009)

Ամերիկյան TV շոու, որը պատմում է Ջոնսերի ընտանիքի մասին: Բայց նրանք իրական ընտանիք չեն և սա սփոիլեր չէ: Այս ընտանիքը ստեղծվել է մարքեթինգային ընկերության կողմից՝ տարատեսակ ապրանքներ վաճառելու նպատակով: Սակայն վաճառքը ուղիղ չի կատարվում: Այն իրականացվում է self-marketing-ի միջոցով: 

Իրադարձությունները տեղի են ունենում ամերիկյան հարուստ թաղամասերում: Ջոնսերը հաջողակ են, հարուստ: Ունեն այն ամենն, ինչ առաջին հայացքից պետք է երջանիկ ապրելու համար. լավ տուն, ամուր ընտանիք, թանկարժեք մեքենաներ, բրենդային հագուստներ և այլն: Այս TV շոուն ցույց է տալիս ինֆլուենսեր մարքեթինգի ուժը, քանի որ ամբողջ ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ջոնսերն ու նրանց վարած կյանքն ազդում շրջապատի վրա, ստիպում ձգտել ու նմանվել նրանց:

Ֆիլմում առանցքային մի քանի դաս կա, որը պետք է իմանա ցանկացած մարքեթոլոգ և մասնավորապես վաճառքի մասնագետ: 

Դաս 1. Առաջին հերթին ներկայացեք և էմոցիոնալ կապ հաստատեք: 

Որպես մասնագետ, դուք չեք կարող միանգամից ապրանք կամ ծառայություն առաջարկել: Պետք է ներկայանալ, էմոցիոնալ կապ հաստատել պոտենցիալ գնորդի հետ, հետո նոր անցնել վաճառքի երկրորդ փուլ: Կարևոր է ցույց տալ, որ դուք վստահում եք այն ապրանքին կամ ծառայությանը, որն առաջարկում եք:

Դաս 2. Հաճելի եղեք մարդկանց:

Դուք կարող եք լավ վաճառքներ իրականացնել, եթե դուր եք գալիս մարդկանց: Մարդիկ սկզբում կգնեն, որովհետև հավանեցին ապրանքը: Հետո կգնեն, որովհետև դուք եք այն խորհուրդ տալիս: Ամեն ինչ շատ պարզ է: Ստիպեք մարդկանց սիրել ձեզ ու կկարողանաք հաջողել վաճառքներում:

Դաս 3. Վաճառեք, բայց մի պարտադրեք ապրանքը / ծառայությունը հաճախորդին:

Միշտ հիշեք, որ մարդիկ չեն սիրում ստիպված ինչ-որ բան անել: Մի ստիպեք մարդկանց օգտվել ձեր ծառայությունից: Գրագետ կերպով և ճիշտ մատուցեք ապրանքը, ցույց տվեք դրա լավ կողմերն ու առավելությունները: Եղեք մաքսիմալ անկեղծ և ընկերական, և այդ դեպքում հաջողելու հնարավորություններն ավելի կբարձրանան:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ ազդում միմյանց որոշումների կայացման վրա: Մեզ շրջապատող աշխարհը միշտ ազդում է մեր վրա այս կամ այն կերպ: Մեր որոշումները, հայացքներն ու ցանկությունները միշտ ինչ-որ բանի ազդեցության արդյունք են: Որքան էլ ցանկանանք անկախ ու ազատ լինել մեր ընտրություններում, միևնույնն է, արտաքին աշխարհի ազդեցությունը շատ մեծ է:  

Lemonade (2009)

Lemonade-ը դոկումենտալ ֆիլմ է, որը պատմում է 2007-2009թ. Ամերիկայում տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամի մասին: Ֆիլմի հերոսները իրական մարդիկ են, ովքեր մեկ օրում շատ անսպասելի գործազուրկ են դառնում: Ֆիլմը պատմում է մի խումբ մարդկանց մասին, ովքեր գործազրկությունը առիթ են համարել սեփական գործը սկսելու, վաղեմի երազանքներն իրականացնելու և ավելի մոտիվացված ապրելու համար: 

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր իրացնել տարիների արդյունքում ձեռք բերած գիտելիքներն, ստացած փորձառությունն ու մասնագիտական հմտությունները կիրառել նոր բան սկսելու համար

Ֆիլմի մասին պետք չէ երկար խոսել: Ընդամենը 35 րոպե տևողությամբ այս դոկումենտալ ֆիլմն ապացուցում է, որ ձախողումները կարող են նոր ու մեծ հաջողության սկիզբ լինել: Պարզապես պետք է սովորել ճիշտ իրացնել սեփական հմտություններն ու կարողությունները: 

The Social Network (2010) 

Եթե չեք տեսել, ապա հավանաբար լսել եք Ցուկերբերգի մասին պատմող այս ֆիլմի մասին: Պատմությունը սկսվում է գրեթե ամենասկզբից, երբ Ցուկերբերգը գրում է Facemash կոչվող ծրագիրը` «պայթեցնելով» Հարվարդի ցանցը: Ֆիլմի սյուժեն պատմելու կարիք չկա: Միայն կարող ենք ասել, որ ֆիլմի կենտրոնական գիծը Ցուկերբերգի և զույգ եղբայրներ Ուինքլվոսների միջև եղած դատական գործն է: Եղբայրները մեղադրում էին Ցուկերբերգին իրենց գաղափարը գողանալու մեջ:

Հենց սա է ֆիլմի առաջին մեսիջը. բիզնես գաղափարները պաշտպանված չեն: Օրենքը հայտնագործությունները պաշտպանում է պատենտավորելով, կրեատիվ աշխատանքները՝ copyright-ով՝ հեղինակային իրավունքով, իսկ ապրանքանիշների անունները՝ trademark-ով: Բիզնես գաղափարները ոչ օրենքով, ոչ հեղինակային իրավունքով չեն պաշտպանվում: Մարքեթոլոգները այստեղ մեկ հետևություն պետք է անեն. եթե ունեք ինչ-որ գաղափար, փորձեք որքան հնարավոր է շուտ իրագործել այն: Հիշեք, հաջողում է նա, ով ռիսկի է դիմում, նա, ով չի վախենում կյանքի կոչել իր խելահեղ մտքերը: 

Իհարկե, պետք չէ յուրաքանչյուր գաղափար կյանքի կոչել, որովհետև ամեն գաղափար չէ, որ հաջողություն կարող է բերել: Պետք է ֆիլտրել գաղափարներն ու ընտրել լավագույնները: 

Այստեղ առաջ է գալիս հաջորդ դասը. մտածեք հեռանկարային: Երբ thefacebook-ն ուներ 75.000 յուզեր (այն ժամանակ Facebook-ը կոչվում էր thefacebook), համահիմնադիր և ֆինանսական գծով տնօրեն Էդուարդո Սավերինը ցանկանում էր գովազդներ տեղադրել հարթակում, որի շնորհիվ կսկսեին գումար աշխատել: Սակայն Ցուկերբերգը դեմ էր, քանի որ մտածում էր՝ այդպիոսով կվանեն յուզերներին և ամեն ինչ կձախողվեր: Փորձը ցույց է տալիս, որ Ցուկերբերգը ճիշտ էր: 

Նշվածներից բացի, մարքեթոլոգները շատ բան ունեն սովորելու ֆիլմից: Մասնագիտական հմտություններից ու հայացքներից բացի, ֆիլմը նաև վեր է հանում այնպիսի թեմաներ, ինչպիսին է վստահությունը, ազնվությունը, ընկերությունը և վերջինիս դրսևորումը բիզնեսի մեջ: 

ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ԼԱՎ ՉԷ: ԼԱՎ Է ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԸ

Հ.Գ. դատական գործընթացների արդյունքում Ցուկերբերգը եղբայրներին վճարեց 65 միլիոն ԱՄՆ դոլար

 

Moneyball (2011)

Մեր շարքի հավանաբար ամենաշատ ասելիք ունեցող ֆիլմը, որը նկարահանված է իրական դեպքերի վրա (գիրքը՝ Michael Lewis: ‘Moneyball: The Art of Winning an Unfair Game’): Այն պատմում է Բիլի Բայնի մասին, ով Oakland Athletics-ի բեյսբոլի թիմի գլխավոր մենեջերն էր և ցանկանում էր ամեն գնով բարելավել թիմը՝ ներգրավելով նոր խաղացողներ: 

Ի վերջո դա նրան հաջողվում է, և թիմը, որը նախորդ սեզոնին խայտառակ ցուցանիշներ էր գրանցել, նոր ռեկորդ է սահմանում՝ Ամերիկայի բեյսբոլի լիգայի 103 տարվա պատմության մեջ առաջին անգամ անընդմեջ հաղթելով 20 խաղ: 

Ֆիլմի ամբողջ հմայքը կարող եք զգալ դիտելով այն, իսկ մենք անցնենք ֆիլմում եղած դասերին և մեսիջներին:

1.Դիմացինին լսելը բացում է նոր հնարավորություններ 

Որքան էլ դուք ձեր գործի մասնագետը լինեք, այլ մասնագետների կարծիքը երբեք չի խանգարի: Ավելին, դիմացինին լսելը նոր հնարավորությունների մեծ աղբյուր է, քանի որ հարցին նայում է այլ մասնագետ՝ այլ հայացքներով, այլ մտածելակերպով և այլ գիտելիքներով: Տարբեր է նաև մասնագետների վերլուծական մտածողությունը: Ֆիլմում Բիլին լսում է երիտասարդ, կարիերան նոր սկսող Պիտերի տեսակետները բեյսբոլի, խաղացողների և թիմերը կառավարելու մեթոդների մասին: Պիտերի աչքերով նայելով, Բիլին հասկանում է, որ պետք է գնել ոչ թե խաղացող, այլ՝ հաղթանակ, և այս գիտակցումը ամբողջովին փոխում է Բիլիի մոտեցումը խաղացողների հանդեպ: Տեղին է մեջբերել ֆիլմից մեկ խոսք.

Ավելի շատ լսիր, քան խոսիր: Ոչ ոք երբեք ավելի խելացի չի դարձել անընդհատ լսելով ինքն իրեն:

Ֆիլմը ցույց է տալիս, որ երբեք պետք չէ անտեսել սկսնակ կամ քիչ փորձ ունեցող մասնագետների կարծիքը: Պետք չէ նեղսրտել, երբ ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս կամ ասում, թե ինչ կաներ ինքը ձեր փոխարեն: Բաց եղեք առաջարկների, կարիծիքների և խորհուդների համար:

2. Քննադատությունը ցույց է տալիս իրականությունը

Մի խուսափեք առողջ քննադատությունից. այն հաճախ ավելի լավ է ցույց տալիս իրականությունը: Սա կարծես թե նախորդ կետի շարունակությունն է: Ֆիլմը ցույց է տալիս, որ կարևոր որոշումներ կայացնելիս, պետք է ոչ միայն չշտապել, այլև առողջ քննադատություն լսել հարցի շուրջ: Քանի որ հաճախ կարծիքների անհամաձայնությունից նոր հայացքներ ու մտքեր են ձևավորվում, որոնց շնորհիվ էլ հնարավոր է հաջողել հետագայում: Ամբողջ ֆիլմի ընթացքում կտեսնեք՝ ինչպես է Բիլին տարբեր մասնագետների քննադատում, լսում քննադատություններ իր որոշումների և ընտրությունների մասին: Ու հենց սա է Բիլիին դարձնում ավելի լավը, լայնացնում հայացքները և ցույց տալիս նոր հնարավորություններ:

3. Ճկուն եղեք փոփոխություններին

Թիմի մարզիչը անընդհատ հակառակվում էր Բիլիին, քանի որ իր համար վիրավորական էր, որ Բիլին լսում է կարիերան նոր սկսող, փորձ չունեցող Պիտերին՝ անտեսելով իր 29 տարվա աշխատանքային փորձն ու գիտելիքները: Ի վերջո Գրեյդի Ֆյուժընը (մարզիչը) հեռացվում է աշխատանքից: Նրանց երկխոսությունն ուշադիր լսելիս կտեսնեք, որ Բիլին ասում է՝ հարմարվիր կամ մեռիր (Adapt or Die), ինչը նշանակում է, որ որքան էլ բարդ ու անհասկանալի լինեն փոփոխությունները, պետք է հարմարվել: Հաղթում են նրանք, ովքեր հարմարվում են, ովքեր ճկուն են: Մերօրյա իրականության մեջ, այն էլ օնլայն հարթակում, փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում: Պարզ օրինակ, Ֆեյսբուքի նոր ինտերֆեյսը: Շատերի համար այն անտանելի վատն է: Դրա մասին են վկայում մի շարք հրապարակումներ, որտեղ յուզերները Ֆեյսբուքի նոր ինտերֆեյսն անվանում են մղձավանջ: Այժմ մենք դեռ հնարավորություն ունենք հետ բերել Ֆեյսբուքի հին տեսքը, բայց կգա ժամանակ, երբ բոլոր յուզերների մոտ կփակվի այդ հնարավորությունը: Փոփոխություններին պետք է հարմարվել որքան հնարավոր է շուտ, որպեսզի այդտեղ էլ տեսնել ու գտնել նոր հնարավորություններ: Դիջիթլ աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում: Պատրաստ և ճկուն եղեք:

Եթե դուք նորարար չլինեք, չընդդիմանաք ձեր ոլորտին և ինքներդ ձեզ, կմնաք թիկունքում:

Ֆիլմը հարուստ է բովանդակային երկխոսություններով, կարևոր կետերով և օգտակար խորհուրդներով: Ֆիլմը սովորեցնում է չհանձնվել ու պայքարել, բաց լինել փոփոխությունների, սովորելու և սեփական կարողություններն ու հմտությունները բարելավելու համար, ցույց է տալիս, որ փոփոխություններ բերող քայլերն իրոք դժվար է անել և, որ նպատակին հասնելն այդքան էլ հեշտ չէ: 

 The Founder (2016) 

Ֆիլմը McDonalds-ի պատմության ու մասնավորապես վերելքի մասին է: Ռեյը, ում ֆիլմի սկզբում տեսնում ենք սուրճ պատրաստող ապարատ վաճառելու փորձեր անելիս, հանդիպում է ՄքԴոնալդս եղբայրներին: Հիանալով նրանց աշխատելաոճով ու ցանկանալով իր ներդրումն ու, ինչու ոչ, ֆինանսական եկամուտն ունենալ նոր ու աճող բիզնեսից, Ռեյը սկսում է համագործակցել եղբայրների հետ՝ ռեստորանային ցանցը զարգացնելու և տարբեր նահանգներում հիմնելու նպատակով: Ֆիլմը բավականին հետաքրքիր ու հագեցած է, հարուստ է մոտիվացնող երկխոսություններով: Ֆիլմը ունի հստակ ձևավորված մեսիջներ: Դրանցից են.

Դաս 1. Գտեք չաշխատող մասերը և ուղղեք դրանք

Ֆիլմի սկզբում մենք տեսնում ենք, թե ինչպես է գլխավոր հերոս Ռեյը պատվերը ստանալու համար սպասում երկար հերթերում, տեսնում ենք վատ սերվիս, սխալ պատվերներ… ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է նման սպասարկման մեջ, այնպես չէ՞: Եվ սա պետք էր ուղղել: Նույնը տեսնում և փոխել փորձում էին նաև ՄքԴոնալդս եղբայրները: Ահա, թե որ գաղափարն է միացնում Ռեյին և ՄքԴոնալդսին. բարձրացնել սպասարկման որակը, նվազագույնին հասցնել հաճախորդների սպասելաժամանակը և պատրաստել որքան հնարավոր է արագ ու համեղ: 

Նույնն է նաև թվային հարթակում: Գտեք այն, ինչ չի աշխատում ձեր ռազմավարության մեջ և փորձեք ուղղել այն:

Դաս 2. Կատարելագործեք աշխատանքի սիստեմը

ՄքԴոնալդս եղբայրները շատ մանրակրկիտ աշխատել էին իրենց սիստեմի վրա, գրեթե կատարելագործել էին այն: Ֆիլմում կտեսնեք, թե ինչպես են թենիսի կորտերում գծում իրենց սրճարանի մակետը, բերում աշխատողներին, որոնք պետք է ցույց տային, թե ինչպես են աշխատում: Սա օգնեց եղբայրներին աշխատավայրը դարձնել մաքսիմալ հարմար, խնայել տարածք և ապահովել իդեալական աշխատանքային սիստեմ: 

Համբուրգերները պատրաստվում են 30 վայրկյանում, այլ ոչ՝ 30 րոպեում:

Աշխատանքը արագ և արդյունավետ կազմակերպելու համար պետք է առաջին հերթին կատարելագործել աշխատանքային գործընթացը, նվազագույնի հասցնել ժամանակի անիմաստ վատնումը և կենտրոնանալ մաքսիմալ արդյունավետ աշխատելու վրա:

Դաս 3. Ճիշտ մարդիկ շատ կարևոր են

Սա ավելի շատ վերաբերում է HR մասնագետներին, ովքեր պատասխանատու են թիմի համալրման, ճիշտ մասնագետների և պրոֆեսիոնալների ներգրավման համար: Ֆիլմում մենք տեսնում ենք, որ եղբայրները մինչև Ռեյին հանդիպելն արդեն փորձել էին ֆրենչայզինգ, սակայն չէր ստացվել: Հայտնվում է Ռեյը ու համոզում, ապացուցում, որ այս անգամ նրանք կարող են հաջողել: 

Հ.Գ. Ֆիլմն այնքան համեղ է նկարված, որ անհնար է ֆիլմի ամբողջ ընթացքում բուգեր չուզել: 

The Circle (2017)

Եվ մեր շարքի վերջին ու շատ ասելիք ունեցող ֆիլմը. The Circle: Ռեժիսորը Ջեյմս Պոնսոլտն է: Ֆիլմը նկարահանված է 2013թ. լույս տեսած The Circle գրքի հիման վրա (հեղ. Դեյվ Իգըրս / Dave Eggers): Բայց այսօր մի կողմ ենք դնելու գրքի և ֆիլմի միջև եղած տարբերությունները և անդրադառնալու ենք միայն ֆիլմին:

Ֆիլմը պատմում է Մեյ Հոլլանդի մասին, ով աշխատանքի է անցնում իր երազանքների ընկերությունում՝ The Circle-ում: Ֆիլմում ընկերությունը, որը մտացածին է, կարող ենք ասոցացնել Facebook-ի, Google-ի կամ Apple-ի հետ, քանի որ ֆիլմում այն ունի նույն, եթե ոչ ավելի մեծ, ազդեցությունը, ինչ նշված ընկերությունները: 

Ֆիլմում շատ թեմաներ են շոշափվում, որոնք կհետաքրքրեն մաքեթոլոգներին: Օրինակ կենտրոնական հարցերից մեկը տեխնոլոգիայի լավ կամ վատը լինելն է: Չնայած, որ թեման կարող է ծեծված թվալ, սակայն ֆիլմը կարծես թե նորովի է նայում տեխնոլոգիաներին և դրանց տված հնարավորություններին: Տեխնոլոգիաների լավը կամ վատը լինելու հարցի տակ քողարկված է մեկ այլ կարևոր հարց. ինչպե՞ս է մարդն իրեն դրսևորում սոցիալական հարթակներում և դրանից դուրս: Հարցը Ֆեյսբուքի կամ Ինստագրամի մասին չէ: Այն ավելի խորքային է: Տվյալ դեպքում սոցիալական հարթակը մեր կյանք է. արդյո՞ք մենք ավելի լավ չենք դրսևորում մեզ, երբ գիտենք, որ մեզ նայում են: 

Մեկ այլ առանցքային հարց է՝ անհատի՞ կարիքներն են կարևոր, թե՞ հասարակության: Այս մասին առաջին ակնարկն արվում է ֆիլմի առաջին 10 րոպեների ընթացքում՝ Մեյի աշխատանքի անցնելու հարցազրույցի ժամանակ: Անհատի և հասարակության միջև ընտրության ամբողջ դժվարությանը դիտողը ականատես է դառնում ֆիլմի ամբողջ ընթացքում: Թվում է՝ հոգալով անհատի կարիքների մասին և կարևորություն տալով նրան, մենք կարևորում ենք հասարակությունը (չէ՞ որ հասարակությունը բաղկացած է հենց անհատներից): Իսկ ի՞նչ, եթե մենք սկսում ենք հետևել, կառավարել ու դրանով սահմանափակել անհատին: 

ԱՆՀԱՏԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԸ ԼԻՆԵՆ

Պետք է լինեն, բայց հազվադեպ են համընկնում: Մերօրյա իրականության մեջ մարդկանց ազատությունն ու իրավունքները շատ հաճախ են ոտնահարում, իսկ մենք դա նույնիսկ չենք նկատում: Ֆիլմի կենտրոնական ու կարևորագույն հարցերից է նաև սոցիալական նեթվորքինգը, ակտիվությունն ու ներգրավվածությունը: Այս մասին ավելի լավ է ոչինչ չգրել, քանի որ ֆիլմն այնքան լավ է ամեն ինչ ներկայացնքում, որ ուղղակի պետք է նայել:

Ի վերջո…

Իսկապես, շատ ողջունելի է տեխնոլոգիայի, սոցիալական ցանցերի և մարքեթինգի հնարքների միջոցով ձգտել աշխարհը ավելի լավը դարձնել: Նշված ֆիլմերը ցույց են տալիս, որ երբեք պետք չէ հանձնվել, պետք չէ կենտրոնանալ ձախողումների վրա: Պետք է շարունակ աշխատել սեփական հմտությունների զարգացման, գիտելիքների ավելացման ու զարգացման վրա: Կարևոր է բաց լինել կարծիքների ու առողջ քննադատության համար և երբեք չկասկածել դիմացինի մասնագիտական կարողությունների վրա: Չէ՞ որ հենց քննարկումների ու բրեյնսթորմինգների արդյունքում են ծնվում հետաքրքիր ու յուրօրինակ գաղափարները: 

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև