15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐԻ 7
ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԸ

Իսկ ո՞րն է գրաֆիկ դիզայների համար արգելված պտուղը:

Եթե ծրագրավորման ժամանակ սխալ կոդ գրելը կարող է պայթեցնել կայքը, եթե բառերի սխալ դասավորությունը կարող է կոնտենտը սխալ ներկայացնել, եթե սխալ թիրախավորման ժամանակ գովազդային արշավը կարող է ձախողվել, ապա գրաֆիկ դիզայնում յուրաքանչյուր սխալ կարող է աշխատել դիզայների օգտին: Ճիշտ է, թերացումը որպես առավելություն ներկայացնելը առանձնահատուկ տաղանդ է պահանջում, բայց գրաֆիկ դիզայների մասնագիտությունն այնքան ճկուն ու օր օրի փոփոխվող է, որ անգամ այսօրվա «սխալը» վաղվա թրենդն է:

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած մասնագիտության մեջ, այստեղ էլ կան «մահացու մեղքեր», որոնք կարող են լրջորեն ազդել ինչպես դիզայնի, այնպես էլ դիզայների մասնագիտական համբավի վրա: Այս բլոգում կխոսենք մեղքերի, արգելված պտուղների ու այն ամենի մասին, ինչ «չի կարելի անել» գրաֆիկ դիզայնում:

Թեմային անհամապատասխան տառատեսակի ընտրություն

Սկսենք տեխնիկական հարցերից: Կարևոր է նկատի ունենալ, թե ինչի համար եք դիզայն անում: Գրաֆիկ դիզայնի համար օգտագործվող ծրագրերը տառատեսակների լայն ընտրություն են տալիս: Բացի ծրագրային տառատեսակներից, կարող եք նաև ներբեռնել նորերը: Կարևոր է հասկանալ ու պատկերացնել, թե որ թեմայի համար որ տառատեսակն է լավ: Օրինակ, չենք կարող օգտագործել Brabion Medium տառատեսակը մանկական սրճարանի համար, քանի որ տվյալ տառատեսակը սրածայր է, կտրուկ անցումներով ու ավելի հարմար կլինի յայդո (Iaido, Иайдо) մարտարվեստների մարզասրահի համար լոգո, պաստառներ կամ բաններներ պատրաստելու համար: Գուցե ծիծաղելի հնչի, բայց համաձայնեք, որ տառատեսակն իր մեջ ագրեսիա է պարունակում ու ստեղծում է այնպիսի տպավորություն, ասես ուր որ է տառերի մեջ կռիվ է սկսվելու: Այնպես որ, ուշադիր եղեք այն ֆոնտերին, որոնք օգտագործում եք:

Հ.Գ. մեկ դիզայնի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել առավելագույնը 3 տառատեսակ (եթե խոսքը ֆոնտային կոմպոզիցիայի մասին չէ): Ընտրեք այնպիսինները, որոնք համահունչ կլինեն և թեմային, և իրար:

graphic designer's signs kids cafe

Միջտառային սխալ հեռավորություն

Տեքստը ստանալուց, ֆոնտերը ճիշտ ընտրելուց ու դիզայնի մեջ «տեղավորելուց» հետո, կարևոր է ուշադրություն դարձնել միջտառային հեռավորությանը: Տիպոգրաֆիան միայն ճիշտ ֆոնտը և տառաչափը որոշելը չէ: Սա միտքը ճիշտ մատուցելու և գեղեցիկ ներկայացնելու մի ամբողջ արվեստ է: Անգամ մեկ տառի սխալ դիրքը ու հարևան տառերից ոչ ճիշտ հեռավորությունը կարող է փչացնել ամեն ինչ:

Սա ևս մեկ տեխնիկական հարց է, որտեղ մեծ դեր է խաղում ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև՝ «դիզայներական քթածակը»: Առաջին հերթին միջտառային սխալ հեռավորությունը կարող է ազդել տեքստի իմաստի վրա՝ փոխելով ու, երբեմն, այլանդակելով միտքը: Միջտառային հեռավորությունը շատ կարևոր է նաև դիզայնի էսթետիկ գեղեցկության ու դիտողի «աչքը շոյելու» համար: Դիզայնի մեջ շատ կարևոր է համաչափությունն ու ամեն ինչի՝ գույների, տառատեսակների, սիմվոլների ճիշտ չափաբաժինը: Ճիշտ է, երբեմն քաոտիկ դիզայնը շատ գրավիչ է, սակայն չպետք է մոռանալ, թե ինչ ընկերության համար եք դիզայն անում: Քաոտիկ դիզայնի մասին կխոսենք մի փոքր ուշ:

good kerning vs bad kerning

Գունային պալետի ոչ ճիշտ համակարգում

Տառատեսակի ու միջտառային հեռավորության ճիշտ ընտրությունն ամբողջացնում է համապատասխան գունային պալետը: Գույներն ունեն տարբեր էմոցիաներ առաջացնելու հատկություն, ինչպես, օրինակ, երաժշտությունը: Գույները մեծ ազդեցություն են ունենում մարդու ենթագիտակցության վրա և ունեն որոշակի մեսիջ: Քանի որ մարդու աչքը առաջինն ընկալում է գույնը, հետո՝ մնացած բաղադրիչները, շատ կարևոր է, որ դիզայնի գույնն արտահայտի ու փոխանցի այն, ինչ ցանկանում եք: Գույների հետ աշխատելուց առաջ կրկին որոշակի ուսումնասիրության անհրաժեշտություն է գալիս: Չնայած, եթե գրաֆիկ դիզայներ եք, ապա արդեն իսկ պետք է մանրամասն ուսումնասիրած լինեք գույների սիմվոլիկան ու մարդու վրա տարբեր կերպ ազդելու հատկանիշները: Ինչևէ, հիշողության թեթև թարմացումը ոչ ոքի չի խանգարի:

ՀՈՒՇՈՒՄ. մի մոռացեք գրադիենտների մասին. դրանք համ ու հոտ են տալիս ցանկացած դիզայնի:

wrong color alert

Ամեն ինչ արագ անելու ցանկություն

Դուք ունեք հանճարեղ միտք: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այն: Ու ի՞նչ եք անում դրա համար: ՇՏԱՊՈՒՄ ԵՔ՝ առանց գաղափարը լավ «մարսելու»: Ամեն ինչ արագ-արագ անելը կարող է չբերել ձեր սպասած արդյունքը: Ոչ թե կարող է չբերել, այլ վստահ եղեք, որ շտապելու արդյունքում դուք չեք ունենալու այն դիզայնը, ինչը պատկերացնում էիք ձեր գլխում: Կրեատիվների մոտ հաճախ է լինում «գաղափարների պայթյուն», որին հաջորդում է հետևյալ միտքը. «Եթե հիմա չանեմ, կմոռանամ»: Ու սկսվում է խառնաշփոթը. տարբեր արտ-բորդեր, չկարգավորված լեյերներ, workspace-ի խառնված թուլբարեր, հազար հատ նկար, որոնք պետք է խառնել ու ստանալ մեկը: Մի խոսքով՝ քաոս էկրանի վրա (աշխատանքային քաոսի մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ կետում):

Այսպես անելու փոխարեն ավելի լավ է մանրամասն գրի առնել պատկերացրած դիզայնը, թողնել, որ գաղափարը եփվի մտքում, հետո միայն սկսել դադաղ, առանց շտապելու աշխատել դիզայնի վրա:

Messy art board layers workspace

Չհամակարգված աշխատելը

Ինչպես արդեն նշեցինք, այս կետում կխոսենք աշխատանքային քաոսի մասին, որը հաճախ ձգձգում, դանդաղեցնում կամ ընդհանրապես տապալում է աշխատանքային պրոցեսը: Ամեն ինչ արագ ու միանգամից անելու ցանկությունը շատ հաճախ կարող է հանգեցնել չկանոնակարգված պրոցեսի, որի վերջնական արդյունքը դժվար թե գոհացուցիչ լինի: Համաձայն ենք. քաոսից ծնվում է իրական արվեստ: Բայց արվեստի գործ (թեկուզ թվային) ստեղծելու համար երկար ժամանակ, մանրակրկիտ աշխատանք ու ազատություն է պետք: Եթե հարցը վերաբերում է աշխատանքին, ապա չպետք է մոռանալ, որ կան դեդլայններ, պատվիրատուի հստակ պահանջներ ու անելու ՇԱՏ ԳՈՐԾ: Ապացուցված է, որ ինչքան համակարգված են ծանրաբեռնված աշխատանք կատարողի մտքերը, այդքան արագ ու արդյունավետ է աշխատանքային պրոցեսը: Աշխատանքը սկսելուց առաջ գծեք «աշխատանքային քարտեզ» ու հստակ նշեք հաջորդող քայլերը: Այդպես կթեթևացնեք ձեր աշխատանքը և կապահովեք արդյունավետ ու արագ արդյունք:

Հույսը միայն սեփական երևակայության վրա դնելը

Որքան էլ ուժեղ լինի ձեր երևակայությունը, իսկ միտքը՝ անսպառ, միայն սեփական երևակայության վրա հույս դնելը ճիշտ չէ: Սովորաբար պետք է կատարել որոշակի ուսումնասիրություն՝ research: Պետք է լավ ուսումնասիրել այն շուկան, որի համար աշխատում եք: Օրինակ, եթե ձեր ընկերությունը համագործակցում է որևէ բժշկական հաստատության հետ, պետք է ուսումնասիրել տվյալ ոլորտը և հասկանալ՝ ինչպիսի դիզայն է պետք պահանջվող փաստաթղթերի (ռեբրենդինգի դեպքում), սոցիալական պոստերի, բաններների, այցեքարտերի և այլնի համար: Նման դեպքերում բացի շուկայի ուսումնասիրությունից, ցանկալի և պարտադիր է կատարել նաև մրցակիցների ուսումնասիրություն:

Նույնն է նաև ցանկացած դիզայնի հարցում: Անգամ այն դեպքում, երբ ձեզնից պահանջում են բացառիկ ու չկրկնվող դիզայն, որոշակի ուսումնասիրությունը, վստահ եղեք, չի խանգարի: Ուսումնասիրություն չկատարելը կարող է բերել կրկնվելու հավանականությանը, քանի որ մտքերը թռչելու հատկություն ունեն ու կարող է պատահել այնպես, որ ձեր հանճարեղ գաղափարն արդեն ինչ-որ մեկին «այցելած» լինի: Ուսումնասիրությունը կարող է նաև սեփական կոնցեպտին ավելի կատարելագործված լուծում գտնելու հնարավորություն տալ: Այնպես որ, մի´զլացեք, research կատարեք:

research

Թրենդներին չհետևելը կամ միայն թրենդներով առաջնորդվելը

Այս կետը կարծես թե նախորդի տրամաբանական շարունակությունն է: Ցանկացած մասնագիտության մեջ շատ կարևոր է ժամանակի հետ համահունչ քայլելն ու в теме լինելը: Մանավանդ գրաֆիկ դիզայնում, որտեղ գրեթե ամեն ինչ արվում է թվային հարթակի համար: Իսկ թվային հարթակը առցանց տարածք է, որտեղ և լավը, և վատը շատ արագ է տարածվում: Ու եթե դուք ինչ-որ տեղ թերանաք, կամ պատրաստեք լոգո, որի ոճն արդեն մոդայիկ չէ, ապա դա շատ արագ կտարածվի և ձեր նախագիծը հավանական ձախողում կունենա: Նույնն է, իհարկե, նաև հակառակի դեպքում: Եթե դուք պատրաստեք սուպեր-թրենդային լոգո կամ կատարեք ռեբրենդինգ թրենդային էլեմենտներ օգտագործելով, հավանական է, որ արժանանաք տարվա լավագույն ռեբերնդինգ անվանակարգի հաղթողի կոչմանը:

Սակայն միայն թրենդներին հետևելը, բնականաբար, բավարար չէ գերազանց արդյունք ապահովելու համար: Չպետք է մոռանալ սեփական ձեռագրի մասին: Ունեցեք հստակ ու տարբերվող ձեռագիր, որով կառանձնանաք մյուսներից և չեք լինի շարքային գրաֆիկ դիզայներ: Փորձեք գտնել կամ ստեղծել ձեր յուրօրինակ ոճը, համադրեք այն թրենդների հետ և ստացեք այնպիսի դիզայն, որ ինքներդ ձեզնից գոհ լինեք: Բայց ՀԻՇԵՔ. պետք է գոհ լինի նաև պատվիրատուն:

trends vs notrends

Եզրակացություն

Կյանք կա՞ արդյոք գրաֆիկ դիզայների համար այս 7 մեղքերից հետո: Դե իհարկե կա: Սակայն սա չի նշանակում, որ կարելի է աչք փակել ու օգտվել առիթից. չէ՞ որ ցանկացած թերացում խոչընդոտում է մասնագիտական աճին: Գրաֆիկ դիզայների մեղքերը այսքանով իհարկե չեն սահմանափակվում: Թվարկվածները «չի կարելի»-ների շարքից մի քանիսն էին: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ «կարելիները» ավելի շատ են ու ստեղծագործելու անսահման հնարավորություններ են տալիս: Չի կարելիների շարքում տեղ զբաղեցնող կետերից շատերի համար ոչ այնքան տեխնիկական հմտություն է պետք, ինչքան ճաշակ ու դիզայներական քթածակ: Այնպես որ, ծրագրային գիտելիքներից ու հմտություններից բացի, լավ կլինի նաև ունենալ հստակ ձևավորված ճաշակ, լինել զարգացած ու կյանքի գծի վրա, ասել է թե թրենդային: Բայց թույլ տվեք նորից հիշեցնենք, որ թրենդային լինելու հետ մեկտեղ մի մոռացեք պահել ձեր դիզայներական անհատականությունը:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև